Դիլիջան
Դիլիջան, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստևգետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դիլիջանի մշտական բնակչությունը կազմում է 23.8 հազար մարդ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Անդրկովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և 19-րդ դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»։ Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 1960-1980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը(հեղինակներ Ռ. Գևորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս քաղաքապետարան, հեղինակներ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս.Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), Հյուրանոցը (հեղինակ Գ. Աչյան)։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թ։ 1983 թ.-ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան) Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան )։ 1984 թ._ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։ Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից։ Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։ Դիլիջանից արևմուտք են գտնվում “Ջուխտակ” վանքը և “Մաթոսավանքը”։
+374 (91) 88-16-46