Ջերմուկ
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից 173 կմ է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի: Արևային օրերի տևողությունը հասնում է 250-300-ի, մթնոլորտային ճնշումը՝ 600մմ սս, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48%: 1925թ. Ջերմուկ է ուղարկվել առաջին գիտահետազոտական խումբը հանքային ջրի բուժական հատկություններն ու նրա ազդեցությունը հետազոտելու նպատակով: Եզրակացությունը միանշանակ էր. հանքային ջրի հիմքի վրա կարելի է հիմնել քաղաք-առողջարան: Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են բարենպաստ կլիման ու բարձրորակ հանքային ջուրը։ Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը, հարուստ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով: Կիրճը, որտեղ գտնվում է առողջարանային քաղաքը, զերծ է քամիներից: Ջերմուկի մեղմ կլիման թույլ է տալիս հանգստանալ և բուժվել տարվա բոլոր եղանակներին:
+374 (91) 88-16-46