Արզնի
Արզնի, առողջարանային գյուղ Հայաստանում, Կոտայքի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, Հրազդան գետի ձախափնյա սարավանդի վրա, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009), հիմնականում՝ ասորիներ։ Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։ Արզնիում են գտնվում Սբ. Կարապետ (XVII-XVIII դարեր), Սբ. Մարիամ Աստվածածին (XIX դար), Սբ.Պողոս-Պետրոս (XVIII-XIX դարեր) եկեղեցիները և VI դար եռախորան կանգուն եկեղեցին։ Ասորիներն ունեն իրենց եկեղեցին։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հին քարե դարի և նեոլիթի նյութեր։ Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք։ Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ։ Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, մինչև 19-րդ դարի վերջերը, պարիսպներից դուրս, հյուսիսային կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը։ Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։ Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին։ Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանինյութեր։ Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն։ Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում Արա Գեղեցիկի ու Շամիրամի միջև։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։ Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի։
+374 (91) 88-16-46